Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։ Հայաստանը 1-ին պետությունն է, որը պետական կրոն է հռչակել քրիստոնեությունը 301 թվականին։Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ (2017)բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է, իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։